ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԴԵՐԸ
##semicolon##
Հարավային Կովկաս, Թուրքիայի արտաքին քաղաքականություն, նորմալացում, ՀՀ-Թուրքիա հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգություն##article.abstract##
Հոդվածում քննարկվում է Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված տարածաշրջանային նոր խորապատկերը և դրա առանձնահատկությունները՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Մասնավորապես, վերլուծվում են այն գործոնները, որոնք պայմանավորում են Թուրքիայի՝ Հարավային Կովկասի հանդեպ վարած քաղաքականությունը: Թեև Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականությունը մեծամասամբ առաջնորդվում է այդ երկրի որդեգրած նոր արտաքին քաղաքական ուղենիշներով, բայց և այդ քաղաքականության վրա իր ազդեցությունն ունի Թուրքիայի հիասթափությունը՝ կապված նրա ՝ Միջին Արևելքում ունեցած փորձառության հետ: Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության ամենաթույլ օղակը, անկասկած, ՀՀ-ի հետ հարաբերություններն են: Հարաբերությունների նորմալացման ջանքերը, որ ստացել են «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, կարող էին նոր էջ բացել Հարավային Կովկասի համար։ Այդ ջանքերը, սակայն, հաջողության չհասան: Ութ տարի առաջ կնքված Ցյուրիխյան արձանագրությունները այդպես էլ չեն վավերացվել երկու երկրներում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանի անվտանգության ու կայունության տեսանկյունից: Ի տարբերություն 2008-2009 թթ.-ի՝ այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ Հարավային Կովկասն ու նրա խնդիրները: Հաշվի առնելով Հայ-Թուրքական հարաբերությունների առանձնահատկությունները՝ հոդվածում քննարկվում են նաև հնարավոր փոփոխությունների սցենարներ: Ներկայացված սցենարների՝ իրականություն դառնալու հավանականությունը, սակայն, նվազում է, երբ հաշվի ենք առնում անվստահության այն մակարդակը, որ կա երկու երկրների միջև: Երկու երկրների հասարակությունների միջև վստահության մակարդակի բարձրացումը աներկբա առաջնահերթություն պիտի լինի այդ երկրների հարաբերությունների նորմալացման ճանապարհին: