ԱՄՆ նախագահական թեկնածուների քաղաքական դիմանկարը

Authors

  • Դ. Հովհաննիսյան

Abstract

Հաջորդ վաշինգթոնյան վարչակազմից սպասումները չափազանց մեծ են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ամբողջ աշխարհում։ Իր աշխատանքը ավարտող Ջ.Բուշ Կրտսերի թիմի գործունեությունը արժանացել է ամերիկացի փորձագետների գրեթե միաձայն ծայրահեղ բացասական գնահատականի։ Ներկա նախագահը համարվում է ԱՄՆ-ի ամենավատ ղեկավարը Ռ. Հուվերից հետո, որի նախագահության օրոք սկսվեց 1930–ականների Մեծ դեպրեսիան։

Մի կողմից, նոր նախագահի գործն այս ֆոնի վրա շատ ավելի դյուրին է թվում, սակայն այն ծանր ու բարդ հիմնահարցերի քանակը, որը նա ստիպված է լինելու լուծել կամ որոնց պարտադիր է լինելու արձագանքել այնքան մեծ է, որ չի կարող չառաջացնել որոշ անվստահություն։

Պրոբլեմը միայն ներկայիս ծանրագույն ֆինանսական ճգնաժամը չէ, որն անդրադառնում է և դեռ անդրադառնալու է Միացյալ Նահանգների տնտեսական ամբողջ համակարգի վրա և ոչ էլ այն վնասն է, որը հասցվեց ԱՄՆ միջազգային հեղինակությանը‚ որը դժվար չի լինի արագորեն վերականգնել։ Բուն խնդիրն այն է, թե որքանով նոր նախագահը պատրաստ կլինի ըմբռնելու փոփոխվող քաղաքակրթական համակարգի ուղղվածությունը և էությունը։

Կասկածից վեր է նաև, որ Սպիտակ տան նոր բնակիչը ձգտելու է ամրապնդել իր երկրի աշխարհաքաղաքական դիրքերը՝ միտված լինելով թափանցել այն տարածաշրջանների որոշումներ կայացնող կենտրոններ, որոնցից դուրս էր մղվել Բիլ Քլինթոնի պաշտոնավարության ավարտից հետո։ Սա նշանակում է, որ իր արտաքին քաղաքականության մեջ Սպիտակ տունը կոշտ հակասությունների մեջ է մտնելու այդ տարածաշրջաններում վերջերս իրենց ազդեցությունը վերականգնելու մեծ ջանքեր գործադրած ուժերի հետ։

Ինչևէ, աշխարհը փոխվում է, և միայն այն ուժերն ու թեկնածուները կարող են հավակնել հաջողության, որոնք իրենց ամեն քայլը կատարում են նոր միտումների և երևույթների մանրակրկիտ վերլուծության հիման վրա:

Published

2008-10-28

How to Cite

Հովհաննիսյան Դ. (2008). ԱՄՆ նախագահական թեկնածուների քաղաքական դիմանկարը. Analytical Bulletin of Armenian and Regional Studies, 4, 4–17. Retrieved from https://analytical-bulletin.cccs.am/index.php/ab/article/view/28